We Believe JesusFé, Esperança e Nova Vida

Genesis 7

ArmEastern: Eastern Armenian Bible · armênio

← Genesis 6 Genesis Genesis 8 →

1Տէր Աստուած ասաց Նոյին. «Դու եւ քո ողջ ընտանիքը մտէ՛ք տապան, որովհետեւ մարդկային ցեղի մէջ միայն քե՛զ գտայ արդար իմ հանդէպ:

2Անպիղծ բոլոր կենդանիներից եօթը-եօթը՝ արու եւ էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու-երկու՝ արու եւ էգ,

3նաեւ երկնքի անպիղծ թռչուններից եօթը-եօթը՝ արու եւ էգ, իսկ պիղծ թռչուններից երկու-երկու՝ արու եւ էգ, որ սերունդ պահպանուի ողջ երկրի վրայ:

4Եօթը օր յետոյ ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ պիտի թափեմ երկրի վրայ եւ երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամէն մի էակ»:

5Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց Տէր Աստուած:

6Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղաւ երկրի վրայ:

7Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք:

8Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից

9երկու-երկու՝ արու եւ էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած:

10Եօթը օր յետոյ երկրի վրայ ջրհեղեղ եղաւ:

11Նոյի կեանքի վեցհարիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները:

12Երկրի վրայ անձրեւ թափուեց քառասուն օր ու քառասուն գիշեր:

13Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սէմը, Քամը, Յաբէթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը եւ նրա որդիների երեք կանայք:

14Նրանք եւ ամէն տեսակ գազան, ամէն տեսակ անասուն, երկրի վրայ սողացող ամէն տեսակ սողուն եւ ամէն տեսակ թռչուն

15մտան տապան՝ Նոյի մօտ, երկու-երկու բոլոր այն էակներից, որոնց մէջ կենդանութեան շունչ կար:

16Տապան մտնող էակները արու եւ էգ էին, ինչպէս պատուիրել էր Աստուած Նոյին: Տէր Աստուած նրա ետեւից փակեց տապանը:

17Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ: Յորդացաւ ջուրն ու բարձրացրեց տապանը, եւ տապանը կտրուեց գետնից:

18Ջուրն աւելի ու աւելի վարարեց, ողողեց երկիրը, եւ տապանը լողաց ջրերի վրայ:

19Ջուրն այնքան սաստկացաւ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնուող բոլոր բարձրաբերձ լեռները:

20Տասնհինգ կանգուն աւելի վեր բարձրացաւ ջուրը եւ ծածկեց բոլոր լեռները:

21Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ:

22Ցամաքի վրայ եղած ամէն բան, որ կենդանի շունչ ունէր իր ռունգերի մէջ, ոչնչացաւ:

23Աստուած բնաջնջեց երկրի երեսին գտնուող ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչունները: Նրանք վերացան երկրի երեսից: Կենդանի մնաց միայն Նոյը, նաեւ նրանք, որ նրա հետ տապանում էին:

24Ջուրը հարիւր յիսուն օր ողողեց երկիրը:

← Genesis 6 Genesis Genesis 8 →