We Believe JesusFé, Esperança e Nova Vida

Genesis 13

ArmEastern: Eastern Armenian Bible · armênio

← Genesis 12 Genesis Genesis 14 →

1Եգիպտոսից Աբրամն ելաւ գնաց անապատ, ինքը՝ իր ամբողջ ունեցուածքով, իր կինը եւ Ղովտն էլ նրա հետ:

2Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկով:

3Նա իր հասած տեղից՝ անապատից, գնաց Բեթէլ, որտեղ նախապէս նրա վրանն էր խփած, Բեթէլի եւ Անգէի միջեւ գտնուող վայրը,

4ուր սկզբնապէս նա զոհասեղան էր կառուցել: Այդտեղ Աբրամը կանչեց Տէր Աստծու անունը:

5Աբրամի հետ գնացող Ղովտը նոյնպէս ունէր արջառներ, ոչխարներ, անասուններ,

6բայց երկիրը նրանց չէր բաւականացնում միասին ապրելու համար, քանի որ նրանք մեծ ունեցուածքի տէր էին, ուստի հնարաւոր չէր համատեղ ապրել:

7Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում:

8Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիւ չլինի իմ ու քո եւ իմ հովիւների ու քո հովիւների միջեւ, որովհետեւ մենք եղբայրներ ենք:

9Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից: Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»:

10Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ Յորդանանի բոլոր շրջաններն էլ ոռոգելի են: Քանի դեռ Աստուած չէր կործանել Սոդոմն ու Գոմորը, մինչեւ Զոորայի սահմանը Աստծու դրախտի նման էր, Եգիպտացւոց երկրի նման:

11Ղովտն ընտրեց Յորդանանի ողջ շրջանը եւ գնաց դէպի արեւելք: Այսպիսով եղբայրները բաժանուեցին միմեանցից:

12Աբրամը պանդխտեց Քանանացւոց երկրում, իսկ Ղովտը հաստատուեց այդ կողմերում գտնուող մի քաղաքում՝ ապրեց Սոդոմում:

13Սոդոմացիները չար մարդիկ էին եւ Աստծու հանդէպ բազում մեղքեր էին գործում:

14Ղովտի հեռանալուց յետոյ Աստուած Աբրամին ասաց. «Կանգնածդ տեղից քո աչքերով նայի՛ր դէպի հիւսիս ու հարաւ, դէպի արեւելք ու ծով:

15Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին:

16Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ. եթէ որեւէ մէկը ի վիճակի լինի հաշուելու երկրի աւազը, ապա քո յետնորդներն էլ թիւ կ՚ունենան:

17Իսկ արդ, արի շրջի՛ր այդ երկիրն իր երկարութեամբ ու լայնութեամբ, որովհետեւ այն քեզ եմ տալու»:

18Աբրամը ճանապարհ ընկաւ, եկաւ բնակուեց Քեբրոնում գտնուող Մամբրէի կաղնու մօտ եւ այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց:

← Genesis 12 Genesis Genesis 14 →