We Believe JesusFé, Esperança e Nova Vida

Genesis 11

ArmEastern: Eastern Armenian Bible · armênio

← Genesis 10 Genesis Genesis 12 →

1Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում:

2Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ:

3Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ:

4Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»:

5Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:

6Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:

7Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:

8Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:

9Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ:

10Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին:

11Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

12Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին:

13Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

14Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին:

15Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

16Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին:

17Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

18Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին:

19Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

20Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին:

21Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

22Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին:

23Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:

24Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային:

25Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:

26Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին:

27Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին:

28Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում:

29Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր:

30Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում:

31Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ:

32Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ:

← Genesis 10 Genesis Genesis 12 →