We Believe JesusFé, Esperança e Nova Vida

Exodus 4

ArmEastern: Eastern Armenian Bible · armênio

← Exodus 3 Exodus Exodus 5 →

1Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»:

2Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց. «Գաւազան»:

3Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»: Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից:

4Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»: Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում:

5«Այդպէս կ՚անես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»:

6Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում:

7Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը:

8Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կը հաւատան քո երկրորդ նշանին:

9Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կը վերցնես, կը թափես գետին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կը դառնայ»:

10Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»:

11Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին: Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս:

12Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»:

13Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»:

14Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ: Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի: Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ:

15Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին: Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք:

16Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած:

17Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կ՚առնես ձեռքդ եւ դրանով նշաններ կը գործես»:

18Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»: Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»:

19Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»:

20Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս: Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն:

21Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կը դարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին:

22Դու կ՚ասես փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. իմ անդրանիկ որդին Իսրայէլն է:

23Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ: Իսկ եթէ չուզենաս ազատ արձակել նրան, այդ դէպքում ես կը սպանեմ քո անդրանիկ որդուն»:

24Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան:

25Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»:

26Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»:

27Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»: Նա գնաց, նրան հանդիպեց Աստծու լերան վրայ ու համբուրեց նրան:

28Մովսէսն Ահարոնին յայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատուիրել էր իրեն կատարել:

29Մովսէսն ու Ահարոնը գնացին եւ հաւաքեցին իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը:

30Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տէրը յայտնել էր Մովսէսին, եւ Մովսէսը նշաններ գործեց ժողովրդի առաջ:

31Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց:

← Exodus 3 Exodus Exodus 5 →