We Believe JesusFé, Esperança e Nova Vida

Exodus 27

ArmEastern: Eastern Armenian Bible · armênio

← Exodus 26 Exodus Exodus 28 →

1«Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես: Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը: Քառակուսի թող լինի զոհասեղանը: Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը:

2Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ: Դրանք կը պատես պղնձով:

3Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես: Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կը պատրաստես:

4Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես: Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես:

5Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում: Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը:

6Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով:

7Լծակները կը մտցնես օղակների մէջ: Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել:

8Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի: Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ: Այդպէս կը պատրաստես այն»:

9«Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ: Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը:

10Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն:

11Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն: Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ:

12Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ:

13Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ:

14Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք:

15Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ:

16Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն: Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ: Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ:

17Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից:

18Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն: Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի: Դրանց խարիսխները պղնձից թող լինեն:

19Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»:

20«Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար,

21որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս: Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ: Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ»:

← Exodus 26 Exodus Exodus 28 →